Արցախի և Հայաստանի միջև քննարկվել է 2013-2018թթ. համատեղ գործողությունների ծրագրի ստեղծման հարցը

21-12-2012

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԼՂՀ կառավարությանն առնթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման, թափոնների անձնագրավորման, պոչամբարների փորձագիտական եզրակացություններ տրամադրելու մասին հարցեր:

Կողմերը հաստատել են, որ նման հանդիպումները արդիական են, քանի որ Արցախում ոլորտը զարգացման միտում ունի: Առաջարկվել է քննարկել և ստեղծել 2013-2018թթ. համատեղ գործողությունների ծրագիր, որը նպատակաուղղված կլինի ոլորտի խնդիրների լուծմանն ու հետագա զարգացմանը: Քննարկվել են նաև օրենսդրության կարգավորման, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ հարցեր:

ՀՀ բնապահպանության նախարարը եղել է ՙԱրցախի երկրաբանական էքսպեդիցիա՚ կենտրոնում, որտեղ նախարար Հարությունյանը ծանոթացել է ներդրված տեխնիկային: Այն հնարավորություն կտա արցախցիներին երկրաբանական հետախուզական աշխատանքների որոշ արդյունքներ ստանալ տեղում: Արամ Հարությունյանը ծանոթացել է կենտրոնի ներուժին և հույս հայտնել, որ այդ կենտրոնը կխթանի հանքարդյունաբերության զարգացմանը Արցախում:

Արամ Հարությունյանի հաջորդ կանգառը Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրն էր: Նախարարը ծանոթացել է հանքավայրի շահագործման ընթացիկ աշխատանքներին, արտադրական ծավալներին և պոչամբարների վերամշակմանը:

Երեկ երեկոյան Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

Նշենք, որ նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և պաշտոնատար այլ անձինք: 

 

 

<
>