Պարզաբանումներ Բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարության վերաբերյալ

14-12-2012

Սևանա լճի էկոհամակարգում ընթացող գործընթացները վերահսկելու և կառավարման բնագավառում համապատասխան որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է անընդհատ գնահատել Սևանա լճի կենսաբազմազանության առկա վիճակը` համապատասխան գիտատեխնիկական և մշտադիտարկումային աշխատանքների իրականացման միջոցով:

Այդ անհրաժեշտությունն օրենսդրորեն ամրագրված է «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N205-Ն («Սևան» ազգային պարկի կառավարման պլան) և 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն (ՙՀայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին») որոշումներով և այլ իրավական ակտերով:


Սկսած 1996 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԳԱԱ համապատասխան կառույցների կողմից, «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում, իրականացվում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի ձկնատեսակների և խեցգետնի պաշարների հաշվառում, ինչպես նաև դրանց պոպուլյացիոն ու կենսաբանական առանձնահատկությունների հետազոտություններ: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները թույլ են տալիս իրականացնել Սևանա լճի կենսաբազմազանության առկա վիճակի գնահատումը:


2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրով նախատեսված 7624.3 հազար դրամով Սևանա լճում ենթակա են ուսումնասիրության.
1. Սևանա լճի ձկների արդի վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտումը,
2. Սևանա լճի խեցգետնի արդի վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտումը,
3. Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների կենսաբանական տվյալների, բնական ձվադրավայրերի ուսումնասիրություն, դրանց առկա վիճակի գնահատումը, վերականգնման ուղիների մշակումը և էկոլոգիական ու տնտեսական հիմնավորումը:
 

<
>