Արամ Հարությունյանը Խոսրովի անտառում քննարկել է արգելոցին վերաբերող խնդիրներ

07-11-2012

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում քննարկում է հրավիրվել՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիները գտնելու վերաբերյալ: Մասնագիտական խորհրդակցության ընթացքում քննարկվելն են ԲՀՊՏ-ների, կենդանական աշխարհի մասին օրենքի և մի շարք ենթաօրենսդրական ակտերի բարելավմանն ուղղված հարցեր, ինչպես նաև արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի, դրանց նոր երթուղիների մշակման, «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման հետ կապված հարցեր: Խորհրդակցության սկզբում նախարարն ընդգծել է, որ այս քննարկումը տեղի է ունենում մասնագիտական դաշտում, իսկ հետագայում ներգարվվելու են նաև խնդրին շահագրգիռ մյուս կողմերը:
Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև տեսանկարահանող սարքով մի ավտոմեքենա, որը հնարավորություն է տալիս 2,5-3 կմ շառավղով նկարահանումներ իրականացնել: Նախարար Արամ Հարությունյանը հայտնել է. «Այս տեսանկարահանող մեքենան հնարավորություն կտա ոչ միայն իրականացնել տեղամասի պահպանությունը, այլ նաև ուսումնասիրել կենսաբազմազանությունը՝ առանց կենդանիներին անհանգստություն պատճառելու Սա առաջին սարքն է, սակայն ծրագրեր կան մյուս տեղամասերում նման ևս 6 սարք տեղակայել»:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում գործող բնապահպանական միջազգային կազմակերպությունների և Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Երևանի բուսաբանական այգու, Երևանի կենդանաբանական այգու տնօրենները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Վայրի բնության պաշտպանության հիմնադրամի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության, Կովկասի բնության հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչներ և ոլորտին լավատեղյակ բնապահպաններ:
Հանդիպման ավարտին ներկաները որոշել են քննարկվող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել նախարարություն՝ հետագա քայլերի իրականցման վերաբերյալ:

Արգելոց այցի ընթացքում Բնապահպանության նախարարը հանդիպման մասնակիցների հետ շրջայց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական շենքում գտնվող թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:
Արամ Հարությունյանը ընդունել է նաև Խոսրովի ագելոցի պահպանության աշխատակիցների շարային զեկույցը:
<
>