Տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությանը ԵԿԱ երկրների գյուղատնտեսական համակարգերի խոցելիության նվազեցումը» խորագրով ազգային իրազեկման և փոխհամաձայնեցման համաժողով

11-10-2012

2012թ. հոկտեմբերի 11-ին Երևանում` «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը ԵԿԱ երկրների գյուղատնտեսական համակարգերի խոցելիության նվազեցումը» խորագրով ազգային իրազեկման և փոխհամաձայնեցման համաժողով, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Երիցյանը, ԵԿԱ ընկերության փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Հայաստանի ու միջազգային առանցքային շահագրգիռ կողմեր: Համաժողովի նպատակն էր լայն քննարկում ծավալել «Ազդեցության գնահատում և հարմարվողականության ու մեղմացման տարբերակներ» հաշվետվության նախագծի հիմնական եզրակացությունների ու առաջարկությունների շուրջ, ապահովել շահագրգիռ գլխավոր կողմերի և մասնակիցների փոխհամաձայնությունն այդ առաջարկությունների վերաբերյալ և ուրվագծել կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի գյուղատնտեսական համակարգերի խոցելիության նվազեցման քաղաքականության, ծրագրերի ու ներդրումների գերակա ուղղությունները:
«ՀՀ բնապահպանության նախարարությունը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ այս ծրագրում հանդես է գալիս որպես նախաձեռնող ու շահագրգիռ կողմ, քանզի գլխավոր նպատակը` կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի գյուղատնտեսության խոցելիության նվազեցումը, որպես սոցիալ-տնտեսական խնդրի լուծում, ուղղակի ազդեցություն կունենա նաև շրջակա միջավայրի վրա ճնշման նվազեցման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնական պաշարների կայուն կառավարման պարագայում, որը մեր բնապահպանական քաղաքականության առաջնային նպատակներից է» - նշեց բնապահպանության նախարարն իր ելույթում:
Համաժողովի ընթացքում աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունների ու եզրակացությունների շուրջ ձեռք բերված փոխհամաձայնությունը հիմք կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության Հայաստանի արձագանքի մասին հաշվետվության վերջնական նախագծի մշակման համար:

 

<
>