ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպել է միջոցառում` նվիրված Բնապահպանի օրվան:

05-06-2012

ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպել է միջոցառում` նվիրված Բնապահպանի օրվան:
1972թ ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ կառավարության կողմից 2004թ հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր: Միջոցառմանը մասնակցում են մի շարք միջազգային և բնապահպանական հասարակական կազմակերպություններ, դպրոցականներ, բնապահպանության նախարարության աշխատակիցներ:Հայաստանի Հանրապետությունը 2004թվականից բնապահպանի օրը նշում է շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների, հեծանվարշավների, ծառատունկների, կավճանկարչության և այլ բնապահպանական միջոցառումների ձևով: ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանի օրը այս տարի նշում է բնության թանգարանում, որտեղ հանրությանը կներկայացվի նախարարության պաշտոնական կայքը: 

Անհրաժեշտություն էր առաջացել արդիականացնել նախարարության կայքը` առավել թափանցիկ դարձնելով բնապահպանության նախարարության գործունեությունը, իրազեկ դարձնել հանրությանը` տրամադրելով մատչելի տեղեկատվություն, ներգրավվելով հասարակությանը որոշումներ ընդունելու գործընթացին: 

Այդ նպատակով ստեղծվել է ինտերակտիվ կապի հնարավորություն, մասնավորապես` թեժ գիծ, հետևեք Ձեր նամակին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարում, մասնավորապես` հնարավորություն է ստեղծվել թույլտվությունների նախագծերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով և ստանալ համապատասխան փաստաթուղթը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա ՀԿ նախագահ Կ.Դանիելյանը կներկայացնի «Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատում» գիրքը, ինչպես նաև թանգարանի բակում Երևանի մի խումբ դպրոցականներ կներկայացնեն «բնությունն իրենց աչքերով» կավճանկարչություն: Միջոցառման ժամանակ խրախուսվելու են ոլորտում ակնառու ներդրում ունեցող անձինք, իսկ կավճանկարչության բոլոր մասնակից դպրոցականները կստանան նվերներ, նրանցից երեք լավագույն նկարների հեղինակները կստանան նաև նախարարության պատվոգրեր: Բնապահպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` կարևորելով այնպիսի խնդիրների լուծումը ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության պահպանությունը, օզոնային շերտի պահպանությունը, հողերի կայուն կառավարումը, թափոնների վերամշակումը և անապատացման դեմ պայքարը:

Բնապահպանի օրը պետք է փոխի յուրաքանչյուրիս վերաբերմունքը հայրենի բնության նկատմամբ, բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնել եկող սերունդներին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը խրախուսում և պատրաստակամ է աջակցելու, ինչպես նաև մասնակից դառնալու միջազգային և տեղական բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են հայրենի բնության պահպանությանը:



ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

 

<
>