Կայացավ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում

24-03-2012

Վանաձորում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտորոնում այսօր տեղի ունեցավ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերող հանրային քննարկում: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը (ղեկավար՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյան): Քննարկման մասնակցության հրավեր (ներառյալ օրակարգը և տեղեկատվական թերթիկը) ուղարկվել էր շահագրգիռ հանրության տարբեր խմբերի մոտ 90 ներկայացուցիչների, որոնցից մասնակցել են մոտ 70-ը, այդ թվում՝ բնապահպանական հասարակական կազմակերպություններ, պետական լիազոր մարմինների, հանրային խորհրդի, հանքավայրը շահագործման ծրագիրն իրականացնող ընկերության, հանքավայրի հարակից համայնքների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր մասնագիտական հարթության վրա ևս մեկ անգամ վերլուծել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքները Լոռու մարզի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առկա իրադրության համատեքստում և շահագրգիռ հանրությանը իրազեկել ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրավական ընթացակարգերի պահպանվածության, ծրագրով նախատեսված բնապահպանական միջոցառումների, տեխնոլոգիական լուծումների և այլ տեսանկյունների մասին:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ տեղեկատվական ֆիլմ: Ելույթներով հանդես եկան և իրենց մտահոգող հարցերի մասին բարձրաձայնեցին Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, «Հայաստանի կանաչ տարածքների պաշտպանության դաշինք» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը, «Հայկական բնապահպանական ցանց» կազմակերպության ներկայացուցիչ Քըրք Ուոլիսը, «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ նախագահ Տարոն Սիմոնյանը և այլոք: Բարձրացված հարցերը վերաբերում էին ինչպես ծրագրի իրականացնման հնարավոր բնապահպանական հետևանքներին, այնպես էլ այն դերակատարմանը, որ ծրագրի իրականացումը կունենա Լոռու մարզի սոցիալ-տնտեսական կյանքում: Տեղեկատվական զեկույցներով հանդես եկան ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ՀՀ արդարատության փոխնախարար ԵղիշեԿիրակոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախագահ Տիգրան Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին համապատասխան պետական լիազոր մարմինների տիրապետած տեղեկատվությունն ու դիրքորոշումը հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ: «Վալեքս» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Արզումանյանը ներկայացրեց հանքավայրում առկա իրավիճակը և պարզաբանումներ տվեց ներկաների բարձրացրած հարցերի շուրջ:
Ավարտին` նիստի համակարգող ՀՀ բնապահպանության փոխնախագահ Սիմոն Պապյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար: «Նման ձևաչափի կառուցողական քննարկումը կօգնի ավելի թափանցիկ դարձնել Հայաստանի բնապահպանական խնդիրների վերհանումը ու հանրային հնչեղություն ստացած հարցերի բազմակողմանի քննարկումը» ,- նշել է Բնապահպանության նախարարի տեղակալը:

Աշխատանքային խումբ

<
>