ՀՀ-ԻԻՀ՝ համագործակցություն բնապահպանական ոլորտում

07-03-2012

Ս/թ մարտի 3-5-ը, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Նախարարի այցին նախորդել էր ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտամենտի ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեի հետ 2011 թ. դեկտեմբերին Երևանում կայացած աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր` հատկապես անդրսահմանային ջրերի, կենդանիների համար տարանցիկ միջանցքների, անդրսահմանային ազգային պարկի` այլ ձևակերպմամբ` խաղաղության ու բարեկամության այգի հիմնելու հետ կապված:
Երևանյան հանդիպման արդյունքում մոտավոր ուրվագիծ էր ստացել նաև ՀՀ բնապահպանության նախարարի ԻԻՀ կատարելիք փոխադարձ այցի օրակարգը:
Թեհրան, Քարաջ, Ռեյ քաղաքներ կատարած այցելությունները, բանակցությունները ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի, ծառայությունների և գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունները ձևավորում են հիմքեր` կատարելու լավատեսական պնդում, որ բնապահպանության ոլորտում ՀՀ–ԻԻՀ նոր համագործակցութունը լայն հեռանկարներ ունի և մտնում է նոր փուլ: Արդյունքում` 2 կողմերի միջև ստորագրվել է "Բնապահպանական համագործակցության համաձայնագիր", որի առանցքային կետերն են 3 աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք կզբաղվեն`
1. Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և ախտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացմամբ,
2.ստեղծվելիք "Բարեկամության ու Խաղաղության այգի" համատեղ հիմնելու անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմամբ, 3. բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպմամբ:
Կողմերը ստեղծվելիք անդրսահմանային ազգային պարկը բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ:
Կողմերը, որպես նոր նախաձեռնություն, կարևորել են նաև բնապահպանական միջազգային համաժողովներում, հանդիպումներում համատեղ ծրագրերով հանդես գալու, շրջանակային կոնվենցիաներին համատեղ հայտեր ու առաջարկություններ ներկայացնելու մտայնությունը:
ԻԻՀ բնապահպանության դեպարտամենտն առաջարկել է նաև իր միջոցներով ստեղծել 2 կողմերին ծառայություններ մատուցող "Գետի ջրի որակի մոնիտորինգի" և "Բարեկամության ու Խաղաղության այգու" կառավարման կենտրոններ: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը և ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի հետ ԻԻՀ "Բնապահպանության թանգարան"-ի հարակից տարածքում, ի նշան բարեկամության ծառեր տնկեցին:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի կենտրոն

<
>